hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը:

Հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք են համարվելու նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները:

Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախագծերի` հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու նաև դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: