Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին
14:38 - 17 սեպտեմբերի, 2020

Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին

Հայաստանում կանխատեսվում է վիրուսի արագ տարածում. ըստ կարեւոր ցուցանիշներից մեկի՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19), Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին:

Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ընդամենը մի քանի օր առաջ այս ցուցիչը ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։

«Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։
Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչիը, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։

Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ19 -ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը։

Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,- գրել է Նանուշյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք երեկ կատարված 4319 թեստավորումներից:

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք իրականացված 4135 թեստավորումներից:

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին նոր դեպքերի թիվը գրեթե 100-ով պակաս է եղել, քան հաջորդ օրերին: Այդ օրը հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք իրականացված 2761 թեստավորումներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել