Ջրաձոր գյուղը վերաբնակեցնելու համար գյուղի վարչական տարածքից 40 հա հողատարածք է հատկացվել |hetq.am|
16:50 - 17 սեպտեմբերի, 2020

Ջրաձոր գյուղը վերաբնակեցնելու համար գյուղի վարչական տարածքից 40 հա հողատարածք է հատկացվել |hetq.am|

hetq.am: Ջրաձոր գյուղի վերաբնակեցման տեղագրական քարտեզը Ամասիա համայնքի ավագանին հաստատել է 2019թ. փետրվարի 22-ին, Ջրաձորում հրավիրված արտագնա նիստում: Ավագանին համաձայնություն է տվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի վերաբնակեցման համար գյուղի վարչական տարածքից 40 հա հող հատկացնելու առաջարկին:

Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը հայտնեց, որ նոր գյուղի տարածքը գյուղից 2-3 կմ հեռավորության վրա է գտնվում: Հատկացված 40 հեկտարն ամբողջությամբ համայնքային սեփականություն չէ, այդտեղ են գտնվում նաև բնակիչների սեփականաշնորհած հողատարածքները: Սեփականատերերին պետք է փոխհատուցեն՝ նոր հողատարածք տրամադրելով կամ ֆինանսական փոխհատուցում տրամադրեն, եթե այդ են ցանկանում:

Հիշեցնենք, որ Կապսի ջրամբարը կառուցելու հետևանքով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ մնալու է ջրի տակ, ուստի Կառավարությունն այս տարվա օգոստոսին հաստատեց հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Ըստ այդմ՝ որոշվեց Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում։

 

Ջրաձորի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը տեղեկացրեց, որ գյուղացիների սեփականության գույքագրումն արդեն ավարտվել է, գնահատվել է նրանց ողջ ունեցվածքը՝ տունն իր հարակից շինություններով, այգին, բանջարանոցը, պտղատու ծառերի արժեքը և այլն: Նրա կանխատեսումներով՝ մոտ 3-4 ամիս հետո բնակիչներին կտեղեկացնեն սեփականությունը փոխհատուցելու արժեքը: Նախատեսվում է բոլոր աշխատանքներն ավարտել մինչև 2021թ. մայիս-հունիս ամիսը:

Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) հետ դեռևս 2014թ.-ին կնքված վարկային համաձայնագրով բնակիչների սեփականության փոխհատուցումը Հայաստանի կառավարությունը պետք է տրամադրի: Կառավարությունը նոր հատկացված հողատարածքում տներ է կառուցելու՝ սեփականատերերի ունեցած տների քմ-ի հաշվարկով: Գևորգ Հովակյանը հավաստիացրեց, որ գյուղի 78 տնտեսություններից միայն 3 հոգի են ցանկանում, որ իրենց բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրեն: Մյուսները գյուղն ամբողջությամբ տեղափոխելու կողմնակից են:

Ամասիա միավորված համայնքի մեջ մտնող 9 բնակավայրերից առնվազն 6-7-ը զուրկ է ամենաանհրաժեշտ ենթակառուցվածքներից, դրանց թվում նաև Ջրաձորը: Գյուղի միակ նորակառույցը 2003թ.-ին Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցված միջնակարգ դպրոցն է՝ 110 աշակերտի համար, որտեղ ներկայում 28-ն է սովորում: Նոր գյուղ հիմնելու հետ նաև նոր դպրոց պետք է կառուցվի, որովհետև այն ջրի տակ է մնալու:

Չնայած գյուղը տեղափոխելու մասին հայտնի էր անցյալ տարվանից, բայց այս տարվա փետրվարին անասնաբուժական կետ բացվեց այնտեղ: Վարչական ղեկավարն ասում է, որ այն շարժական տնակում է տեղավորված և հնարավոր է փոխադրել նոր կառուցվելիք բնակավայր: Բուժկետը նույնպես շարժական տնակում է գործում, գյուղում մշակութային, մարզական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ չկան:

 

 

Ջրաձորում նաև երկու հանքավայր է գործում՝ կայծքարի հրաբխային տուֆի հանքավայրը և կավի հանքը: Գյուղի վարչական ղեկավարի ասելով՝ կավի հանքավայրը հեռու է ջրամբարի նախանշված տարածքից և կշարունակի գործել: Տուֆի հանքավայրը գտնվում է ջրամբարի տարածքում, ուստի գնահատող կազմակերպությունը հանքավայրի գնահատում է իրականացրել՝ կատարված ծախսերը փոխհատուցելու համար:

Կայծքարի հրաբխային տուֆի հանքավայրը շահագործում է «ԼԵՌ ՔԱՐ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հանքավայրը վարձակալել է 2013թ. հուլիսին և մինչև 2038թ. հուլիսը շահագործելու իրավունք է ստացել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Մոտ 7 տարի շահագործելուց հետո միայն, այս տարվա ապրիլի 14-ին (ավագանու 2020 թվականի N 27-Ա որոշում) Ամասիա համայնքի ավագանին որոշում է կայացրել փոխել հողի գործառնական նշանակությունը: Այսինքն՝ որոշել են փոխել այն ժամանակ, երբ փոխհատուցում ստանալու հարց է առաջացել:

«Ջրաձոր բնակավայրի տարածքում գտնվող կայծքարի հրաբխային տուֆերի հանքավայրում տուֆ քարի արդյունահանման համար նախատեսված 08-096-0317-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 2.960հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող և արոտ հողատեսքերի հողամասը փոխադրել արդյունաբերությանընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար»,- ասվում է ավագանու որոշման մեջ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել