hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական փաթեթը, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև ավելացնել ծախսերի հայտարագրում դրույթը: Այն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ըստ փոփոխությունների` հայտարարատու են դառնալու նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները:

Մինչ քվեարկությունը` վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքով` փոփոխությունների նպատակն ընդունելի է, սակայն քննարկման ընթացքում բացահայտվեցին մի շարք խնդիրներ, ինչպես` բյուջեից չֆինանսավորվող անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման պահանջը: Սիմոնյանը հայտեց, որ այժմ դեմ են քվեարկելու` հուսալով, որ մինչ երկրորդ ընթերցում թերությունները կշտկվեն:

Ըստ նախագծերի` հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է լինելու նախկին պաշտոոնյայից պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու նաև` դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: