armenpress.am: «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը:

Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը:

«Մինչև օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորվող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ  տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու»,-ասաց Կոստանյանը:

Առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:

Նախագծի մշակման ժամանակ լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակցության բարձրացմանը: