Նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|
15:41 - 18 սեպտեմբերի, 2020

Նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: «Մենք առաջարկում ենք ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը հնարավրություն կտա արդեն իսկ օրենքով առկա մի շարք արտոնություններից օգտվել սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Այս երեք տարի ավելացումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել սահմանապահ համայնքներում բնակվողների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի 50 տոկոսի չափով»,-ներկայացրեց Գաբրիելյանն ու հավելեց՝ սահմանապահ համայնքների բնակիչները ևս 3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց:

Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին: Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի, անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:

Սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: «Կառավարության առաջարկով, մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը, նախագծում այս կարգավորումը կընդլայնվի, կներառենք գյուղատնտեսական տեխնիկան, որը կվնասվի»,-ասաց պատգամավորը:

Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ համայնքներում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե կունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքի անդամներին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար»,-ասաց Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել