Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել
20:50 - 18 սեպտեմբերի, 2020

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Արցախի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել  ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարոությունների կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորել է  ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները: 

Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արցախյան կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի շրջանակներում պարբերական հանդիպումների և փոխայցերի անցկացման կարևորությունը։ 

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել