Սեպտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում անցկացրել է արտագնա աշխատանքային հանդիպում: Եռօրա քննարկումների առանցքում Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծն է լինելու: Հանդիպմանը մասնակցել են մի շարք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ փաստաթուղթը շուրջ տասը տարի է թրծվում է, եւ ամեն անգամ օրենսգրքի ընդունման գործընթացը տարբեր պատճառաբանություններով հետաձգվել է: Նա հավելել է, որ  եկել է վերոնշյալ գործընթացն ավարտելու պահը, քանի որ դա առանցքային է  նոր Հայաստանի  համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական առաջատար երկրների փորձը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ զարգանում է քրեական օրենսդրությունը, նոր պատժատեսակներ են ի հայտ եկել, որոշ պատժատեսակների մասով ընկալումն է փոխվել եւ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու քրեական եւ քրեադատավարական նոր օրենսգրքեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ առանձնացրել է առանցքային փոփոխությունները՝ որակելով դրանք հեղափոխական: Ըստ նրա՝ առանցքային է  պատժողական եւ վերասոցիալականացման քաղաքականության գաղափարների վերանայումը, սրանց զուգահեռ մի շարք ուղղություններ արդեն հարմարեցված են այս գաղափարին: Դրանց շարքում Ռուստամ Բադասյանը ընդգծել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ստեղծման կարեւորությունը:

Բազմաթիվ նորարարություններ էլ կան մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես պատժատեսակների մասով: Նախարարը փաստել է, որ հաջորդ կարեւոր կետը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրումն է՝ հավելելով, որ մշակված կարգավորումները   կիրարկման տեսանկյունից  բավականին ճկուն են:

Նոր օրենսգիրք ունենալու ժամանակացույցը հաստատված է մինչեւ տարեվերջ, իսկ ամբողջությամբ կիրարկման փուլը կլինի շուրջ մեկ տարվա ընթացքում: