Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|
15:13 - 21 սեպտեմբերի, 2020

Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային:

Եվրամիությունը քննարկում է Բելառուսի տասնյակ ղեկավարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդիրը, չի բացառվում, որ արգելափակումներ կիրառվեն անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:

Բելառուսում վեց շաբաթ շարունակ բողոքի ցույցեր են: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է գործող նախագահը: Տիխանովսյական, ով ընտրություններից հետո ապաստանել է Լիտվայում, ըստ ԿԸՀ-ի, երկրորդ տեղն է գրավել:

Բելառուսում վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի բազմամարդ ակցիաների հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, ցուցարարների, այդ թվում` կանանց նկատմամբ իրավապահները բիրտ ուժ են կիրառել: Զոհվել է առնվազն երեք մարդ:

Արևմտյան երկրները չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Բելառուսի ղեկավարը 26 տարի է իշխում, նա պնդում է, թե բողոքի շարժումը ղեկավարվում է Բելառուսը կազմաքանդելու նպատակ հետապնդող արևմտյան երկրների կողմից: Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ «արտգործնախարարները շատ տպավորված են բելառուս ժողովրդի ու հատկապես կանանց խիզախությամբ, նրանք իսկական լիդերություն են դրսևորում»:

Բորելը նաև հերքել է Մինսկի և Մոսկվայի պնդումներն այն մասին, թե Եվրամիությունն իբր միջամտում է Բելառուսի ներքին գործերին:

«Դեմոկրատիան և մարդու իրավունքները Եվրամիության հիմնարար արժեքներ են, և ինքնությունը, դրանց պաշտպանությունը չի կարող դիտվել որպես միջամտություն»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Երեկ Մինսկում տեղի է ունեցել բողոքի հերթական երթ, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել