tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, որին այս տարի համավարակի պատճառով համաշխարհային առաջնորդները մասնակցում են տեսաուղերձի ձևաչափով:

Ելույթի սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը շարունակում է լինել միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրը, իսկ միջազգային կազմակերպությունն արժանապատվորեն կատարում է իր գլխավոր առաքելությունը, այն է՝ պահպանել աշխարհը:

Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է հարմարվի նոր իրականությանը, իսկ Անվտանգության խորհուրդը պետք է առավել ընդգրկուն կերպով հաշվի առնի բոլոր երկրների շահերը:  

Խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին՝ Պուտինն ընդգծել է, որ այն նոր մարտահրավեր է դարձել և անմիջականորեն խոցել է միլիոնավոր մարդկանց: Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի:

Պուտինը կոչ է արել ամրապնդել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներուժն ու ընդգծել, որ Ռուսաստանն ամենաշահագրգիռ մասնակցությունը կցուցաբերի այդ գործում:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին: