Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան) լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ՀՀ գործող վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականիմայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» և «Ելք» դաշինքների համահիմնադիր։
2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։
Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։