Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում |fip.am|
17:22 - 23 սեպտեմբերի, 2020

Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում |fip.am|

fip.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադրման 75-ամյակի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ունեցած հեռավար ելույթում մի շարք մանիպուլյատիվ և սխալ հայտարարություններ է արել Հայաստանի և Արցախյան հակամարտության վերաբերյալ։

Սակայն մինչ Ալիևի հայտարարություններին անդրադառնալը, հարկ է նշել, որ դրանցից որոշներն ադրբեջանական իշխանությունների կողմից շահարկվում են պարբերաբար և կրում են այն հիմնական թեզերը, որոնց լույսի տակ է փորձում պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնել Արցախյան հակամարտությունը։

Այդպիսի թեզերից են 1993 թվականին՝ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնց բովանդակությունը պարբերաբար ենթարկվում է մանիպուլյացիաների։ Այս անգամ էլ Գլխավոր ասամբլեայում իր հեռավար ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, թե Անվտանգության խորհրդի չորս բանաձևերով Հայաստանի Հանրապետությունից պահանջվում էր «ամբողջությամբ, անհապաղ և անպայման դուրս բերել Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված հողերից»։

ՄԱԿ բանաձևերը

Այդ չորս բանաձևերում, սակայն, խոսք չկա Հայաստանի զինված ուժերի մասին։

Ինչպես արդեն նշեցինք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների փուլում՝ 1993 թվականին, և, ընդհանուր առմամբ, ուղղված են եղել հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանն ու հրադադարի հաստատմանը։ 822 բանաձևում ասվում է, որ Անվտանգության խորհուրդը մտահոգված է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի «տեղի հայկական ուժերի կողմից ներխուժմամբ»։ Բանաձևում որևէ խոսք չկա ՀՀ զինված ուժերի մասին։ Փոխարենը, «պատասխանատվությունը» դրվում է «տեղի հայկական ուժերի» վրա։

Պատկերն ավելի հստակ է դառնում մյուս բանաձևերում։ Այսպես, օրինակ, արդեն 853 բանաձևում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել կիրառել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822 բանաձևի և սույն բանաձևի պահանջները կատարելու, և նրանց կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելու ուղղությամբ»։ Այսինքն, այստեղ ևս Անվտանգության խորհուրդը չի խոսում ՀՀ զինված ուժերի մասին, այլ միայն արցախցիների վրա Հայաստանի կառավարության ունեցած ազդեցության մասին։

Նույն պատկերն է նաև մյուս երկու բանաձևերի դեպքում։ 874 բանաձևում խոսվում է «վերջերս օկուպացված տարածքներից զինված ուժերի դուրսբերման ու տրանսպորտի և հաղորդակցության խոչընդոտների վերացման ուղղությամբ» մասին՝ կրկին չհասցեավորելով ՀՀ-ն։ 884 բանաձևում կոչ է արվում Հայաստանի կառավարությանը «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822, 853 և 874 (վերոնշյալ) բանաձևերի պահանջները կատարելու նպատակով գործածել իր ազդեցությունը և ապահովել, որ իրենց զինված արշավը շարունակելու համար ներգրավված ուժերին չտրամադրվեն միջոցներ»։

Գերեվարված սպան

Իր հեռավար խոսքում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև այս տարվա հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած մարտական գործողություններին և օգոստոսի 22-ին գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Ըստ Ալիևի, Ալավերդյանը, իբր, եղել է դիվերսիոն խմբի հրամանատար։ «Դիվերսիոն խումբը փորձել է անցնել շփման գիծը։ 2020 թվականի օգոստոսի 23-ին այդ խմբի ղեկավարը ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նա խոստովանել է, որ խմբավորումը ծրագրում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ»։

Այս հայտարարության առնչությամբ նախ պետք է նշել, որ հայկական կողմը հերքել է Գուրգեն Ալավերդյանի՝ դիվերսանտ լինելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունները։ Ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության, Գուրգեն Ալավերդյանն ադրբեջանական կողմում է հայտնվել եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվելու և մոլորվելու հետևանքով։

Արդեն մի քանի օր անց ադրբեջանցիները հրապարակել էին մի տեսանյութ, որում Գուրգեն Ալավերդյանը, իբր, խոստովանում է, որ Ադրբեջան է ներթափանցել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։ Տեսանյութում, սակայն, միանշանակ երևում է, որ հայ սպան իր խոսքերը կարդում է տեքստից՝ աչքերը տողերի վրա անցկացնելով և առանց համապատասխան առոգանության։ Բայց նույնիսկ այդ դեպքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը չի համապատասխանում Ալավերդյանի ընթերցած տեքստին, քանի որ վերջինս ոչ մի բառ չի ասում ահաբեկչական գործողությունների մասին։

Հայկական աշխարհազորը

Իր խոսքում Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ որոշակի իրազեկվածություն, օրինակ՝ որ Հայաստանում քննարկվում է աշխարհազոր ստեղծելու հարցը։

«Հայաստանի վարչապետը հայտնել է զինված աշխարհազոր ստեղծելու մասին, որը կազմված է լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից, որոնց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նախ, թերևս, պետք է սկսել նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտնել աշխարհազոր ստեղծելու մասին։ Աշխարհազոր ստեղծելու հարցը հանրային քննարկման ներկայացնելու մասին առաջինը հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Ներկայում հարցը գտնվում է հանրային քննարկումների փուլում։

Ինչ վերաբերում է նրան, թե «քաղաքացիական անձանց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին», ապա դա ամբողջությամբ կեղծ է, և աշխարհազորին անդամակցումը լինելու է բացառապես կամավորության սկզբունքով, ինչի մասին հայտնել է նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի, աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Այսինքն, այստեղ որևէ խոսք չկա պարտադիր կամ ստիպողական մասնակցության մասին։

Փաշինյանի յոթ պայմանները

Անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին՝ Ալիևը ելույթի ժամանակ նշել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհիմն պայմաններ է ներկայացնում բանակցային գործընթացում։ «Ադրբեջանին նրա առաջ քաշած պայմանները մեր կողմից մերժվել են»,- ասել է Ալիևը։

Թե ի՞նչ պայմաններ է նկատի ունեցել Ալիևը՝ կարելի է միայն կռահել։ Միգուցե խոսքը հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Հայաստանի դիրքորոշման մասին է, որը նա ձևակերպել էր յոթ կետերով։ Այդ կետերը դժվար է համարել պայման բանակցային գործընթացը սկսելու, վերսկսելու կամ շարունակելու համար։ Դրանցից որոշները, օրինակ, առաջին կետը՝ «Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել․․․», ընդհանրապես վերաբերելի են միայն Հայաստանին կամ Արցախին և հասցեավորված չեն Ադրբեջանին կամ միջնորդներին։

Այսպիսով

Իլհամ Ալիևն իր ելույթում արել է այլ մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ ևս՝ կապված, օրինակ, Հայաստանում իբր ֆաշիստական գործիչ Գարեգին Նժդեհի մեծարման, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում իբր հակաադրբեջանական հայտարարությունների և Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ ատելություն սերմանելու մասին։

Ընդհանուր առմամբ՝ Ալիևի հայտարարությունները ձևակերպումներից մեկն է ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման, որը մեծամասամբ հիմնված է ապատեղեկատվության և մանիպուլյացիայի վրա և ուղղված է միջազգային հանրությանը՝ Բաքվին շահեկան կերպով ներկայացնելու և աղավաղելու Արցախյան հակամարտության էությունը։ 

Վահե Ղուկասյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել