ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի |armtimes.com|
12:06 - 24 սեպտեմբերի, 2020

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում այսօր նույնպես նախագահի և փոխնախագահի ընտրության հարցն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին որևէ թեկնածու դեռ չկա: «Մենք դեռ առաջադրման կամ ինքնաառաջադրման փուլին չենք հասել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նիստը բաց անցկացնելու հարցը դարձյալ քննարկվի, Դիլանյանը նշեց. «Եթե դատավորներից մեկը առաջարկեց, որ նորից անդրադառնանք, միգուցե նաև անդրադառնանք, բայց արդեն կա որոշում, այս պահին չեմ կարող ասել»:

Դիլանյանը նշեց նաև՝ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում: «Ես ձեզ անկեղծ ասեմ՝ առանց որևէ փարիսեցիության. ես կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է՝ իր իսկ մասնագիտական հմտությունները դրսևորելու համար, և ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»:

Դիլանյանի կարծիքով՝ ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ: «Ինչպես կզարգանան հետո իրադարձությունները՝ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում և հսկայական ժամանակ է խլում քեզնից, համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական գործառույթներ, վարչական, կազմակերպական գործառույթներ: Իմ կարծիքով՝ շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել՝ որպես դատավոր»:

Անդրադառնալով իրավապաշտպանների դժգոհություններին, որ նոր դատավորների ընտրությամբ ՍԴ ճգնաժամը հեղափոխության արժեքներին համապատասխան չի լուծվել՝ Դիլանյանը նշեց՝ միշտ նախընտրում է նայել ապագային: «Միշտ աշխատում եմ հետ չնայել, միշտ մտածում եմ ապագայի մասին, պլանները կազմակերպում եմ՝ աչքիս առաջ ունենալով ապագան, և եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա ՍԴ-ն այս կազմով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՍԴ-ն, ինչպես և ցանկացած դատարանի լեզուն, բնավորությունը, ամեն ինչը այդ դատարանի որոշումներն  են»:

ՍԴ դատավորը նաև առաջարկեց ավելի շատ մասնագիտական հանրության կարծիքը հաշվի առնելով հասկանալ՝ դա այն ՍԴ-ն էր, որը հասարակությունը ուզում էր տեսնել, թե, այնուամենայնիվ, ավելի բարձր ակնկալիքներ կային:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել