Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյանը ներկայացել է դատական նիստին |tert.am|
11:01 - 25 սեպտեմբերի, 2020

Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյանը ներկայացել է դատական նիստին |tert.am|

tert.am: Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց դատարան: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է եկել դատարան, Ծառուկյանը նշեց, որ շատ լավ տրամադրություն ունի:

Հարցին՝ մտավախություն ունի՞, որ իրեն կալանավորելու որոշում կկայցնեն, Ծառուկյանն ասաց․  «Ես խոսել եմ իմ երկրի համար, իրավիճակի համար. այսօր սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ երբեք նման վիճակ չի եղել: Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ: Այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին, ես ասել եմ՝ ուղղենք, թե չէ ավելի վատ է լինելու, սակայն հունիսից մինչև հիմա ավելի վատ է եղել»:

Ծառուկյանը հավելեց, որ իր խոսքերից չի հրաժարվում, ինչ ասել է, իր ասածի տերն է և դեռ մի բան էլ քիչ է ասել: «Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալ-տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, տոկոսները կիջնեն, ուսման վարձերը կնվազեն, հարց չկա: Ես ինչ ասել եմ, համոզված եմ, իմ սկզբունքին եմ, դեռ քիչ եմ ասել»,- ասաց նա և հավելեց, որ մնացածը դատական պրոցեսը ցույց կտա:

Նշենք, որ Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարիտիրոսյանին բացարկի միջնորդություն են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը պետք է քննվեր սեպտեմբերի 23-ին, սակայն դատական նիստը չէր կայացել, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու նրա պաշտպանները չէին ծանուցվել դատական նիստի մասին, ինչի համար էլ չէին ներկայացել դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել