hetq.am: Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի (հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ») բնակիչների ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Բնակիչները վիճարկում են բանավանում գտնվող Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեի տարածքի մասնավորեցման օրինականությունը:
Հիշեցնենք՝ այդ հասցեում «Ռատկո» ՍՊԸ-ն նախատեսում է բարձրահարկ շենք կառուցել, սակայն բանավանի բնակիչները դեմ են կառուցապատմանը, քանի որ ըստ նրանց՝ բարձրահարկի առկայությունը կխաթարի բանավանի անվտանգությունը, ձևավորված բնական կենսամիջավայրն ու ճարտարապետական ամբողջականությունը:
Բանավանի բնակիչները 2020 թվականի օգոստոսի 5-ին հաղորդում են ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հաղորդման հիմքը 2004 թվականի հոկտեմբերի 25-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն է, որով դատարանը պարտավորեցրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանմանը Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող, 50,8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված նկուղի նկատմամբ գրանցել Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը, ինչն էլ հետագայում հիմք է հանդիսացել այն բանի համար, որ նկուղին հարող և Տիգրան Աղաջանյանին վարձակալության իրավունքով պատկանող 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ նույնպես գրանցվի Աղաջանյանի սեփականության իրավունքը: Հենց այդ հողամասն էլ դատարանի վճռից 16 տարի անց պետք է կռվախնձոր դառնար կառուցապատողի և բանավանի բնակիչների միջև:
Այս ամբողջ պատմության մեջ ամենախնդրահարույց հարցը գոյություն չունեցող նկուղն է: Ինչպես պնդում են տասնյակ տարիների բանավանում ապրող բնակիչները, այդ տարածքում երբեք նկուղ չի եղել և այժմ էլ չկա, հետևաբար դատարանը չէր կարող պարտավորեցնել կադաստրի կոմիտեին՝ գրանցել սեփականության իրավունք գոյողություն չունեցող գույքի նկատմամբ:
Բնակիչների ներկայացրած հաղորդման համաձայն՝ Կադաստրի պետական կոմիտեի և Տիգրան Աղաջանյանի միջև ձեռք է բերվել հանցավոր համաձայնություն, ըստ որի՝ չափագրվել է գոյություն չունեցող ինքնակամ կառույցը և օրենքի պահանջին համապատասխանեցնելու նպատակով ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
«Արդյունքում, ՀՀ կառավարությանն առընթներ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից կեղծ փաստաթուղթ կազմելով և այդ փաստաթուղթը հետագայում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռների հիմքում դնելով՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը»,- ասվում է բնակիչների հաղորդման մեջ:
Նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազությունը բնակիչների հաղորդումն ուղարկել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ իրականացված քննության ընթացքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել վիճարկվող հողամասի նկուղի սեփականաշնորհման գործընթացքում տեղի ունեցած խախտումների կամ կեղծ փաստաթղթեր կազմելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը գտել է, որ կադաստրի կոմիտեի աշխատակիցներն ու բոլոր իրավասու անձինք իրականացրել են օրենքով սահմանված իրենց գործառութային պարտականությունները, իսկ ինչ վերաբերում է գոյություն չունեցող նկուղի հանգամանքին, ապա նշված վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Ուստի հետաքննիչի օգոստոսի 28-ի որոշմամբ՝ բնակիչների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Հետագայում՝ սեպտեմբերի 9-ին, բնակիչները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազին բողոքարկել են հետաքննիչի որոշումը, սակայն սեպտեմբերի 17-ին դատախազը մերժել է բողոքը:
Այժմ Ֆիզիկայի բանավանի բնակիչները պատրաստվում են արդեն դատական կարգով բողոքարկել դատախազի որոշումը:
Հիշեցնենք, որ «Ռատկո» ՍՊԸ-ն վիճահարույց տարածքի երրորդ սեփականատերն է: Ինչպես արդեն նշեցինք, առաջին սեփականտերը եղել է Տիգրան Աղաջանյանը, որը 2006թ. ապրիլին հողամասը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին, վերջինս էլ նույն թվականի հոկտեմբերին՝ «Ռատկո» ՍՊԸ-ին:
Ընկերությունը 2020թ. հուլիսի 20-ին Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար Երևանի քաղաքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն:
comment.count (0)