Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|
16:18 - 25 սեպտեմբերի, 2020

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

azatutyun.am: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին, հարցմանն ի պատասխան հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Նման եզրահանգման է եկել Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումը։

Կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանն անցած դատական նիստին չէր ներկայացել դատարան։ 64-ամյա Խաչատրյանն անցած դատական նիստին նամակ էր հղել դատավորին՝ գրելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն էլ «Ազատությանը» փոխանցել էր, որ ողնաշարի խնդիրներ ունեցող պաշտպանյալը դժվարությամբ է քայլում, նրա վիճակն օրեցօր ավելի վատթարանում է։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը դիմել էր դատավորին նամակով` պարզել՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը չի՞ կարող ներկայանալ նիստերին։

Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող 64-ամյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել