Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստն ու լքել դահլիճը |hetq.am|
17:05 - 25 սեպտեմբերի, 2020

Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստն ու լքել դահլիճը |hetq.am|

hetq.am: «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստելու գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպաններ Սյուզանա Խչեյանը և Վահան Հովհաննիսյանը բոյկոտել են այսօրվա դատական նիստը։

Սյուզանա Խչեյանը հայտնեց, որ այսօր դատավոր Վահե Խալաթյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը վերջինս մերժել է։ Դրանից հետո իրենք լքել են նիստերի դահլիճը։ Դատավոր Խալաթյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքում պաշտպանները դրել են մի քանի հանգամանք, այդ թվում այն, որ իրենց դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Նրանք համոզված են, որ նման պայմաններում դատավոր Վահե Խալաթյանը կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ իրենց՝ պաշպանների և Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ։

Խչեյանը պատմեց, որ սեպտեմբերի 14-ին` ժամը 12:40-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, նշանակված է եղել Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող մահափորձի գործով դատական նիստ, որին մասնակցելու համար իրենք գնացել են դատարան։ Այստեղ, սակայն, հայտնել են, որ գործով ամբաստանյալներն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարան չեն բերվել, նրանց տեղափոխող մեքենան փչացել է, և նիստը ենթակա է հետաձգման։

Պաշտպանները դատարանից դուրս գալով՝ մեկնել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պարզել են, որ գործով ամբաստանյալներին պատրաստվում են դատարան ներկայացնել ժամը 14:40-ին, քանի որ դատարանի հանձնարարության մեջ նշված է եղել, որ նրանց այդ ժամին պետք է ներկայացվեն։

«Այսինքն՝ դատարանը կեղծ ժամ է նշել։ Թեև դատական նիստը նշանակված է եղել ժամը 12:40-ին, հանձնարարականում նշվել է 14:40-ն»,- ասաց Սյուզաննա Խչեյանը։

Այս հանգամանքը պարզելուց հետո պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կամ պաշտոնեական անփութության վերաբերյալ, և, փաստորեն, այս փաստը հաշվի առնելով՝ կասկածի տակ դրել դատավոր Խալաթյանի անաչառությունը։

Բացի այդ՝ Խչեյանի խոսքով, Վահե Խալաթյանը գործի քննությունը սկսելիս չի հայտնել, որ ճանաչում է տուժող Արթուր Ասատրյանի եղբորը, սակայն դատական նիստերից մեկի ժամանակ այս հանգամանքը պարզ է դարձել։

Մասնավորապես, ըստ Խչեյանի պատմածի, գործով վկաներից մեկի հարցաքննության ժամանակ վերջինս խոսել է Արթուր Ասատրյանի եղբոր մասին, որին արձագանքելով՝ դատավոր Վահե Խալաթյանը հետաքրքրվել է, թե Ասատրյանի ո՞ր եղբոր մասին է խոսքը, արդյոք վկան նկատի ունի այն եղբորն, ով ոսկերիչ է։ Ասյպիսով, Զոհրաբ Ղումաշյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանն արձանագրել է, որ դատավոր Խալաթյանը, փաստորեն, ճանաչում է տուժողի ընտանիքին, բայց այդ մասին չի հայտնել։

Ինքնաբացաարկի միջնորդության մեջ պաշպանները խոսել են նաև այն մասին, որ գործով բոլոր դատական նիստերն անխտիր ուշացումով են սկսվել, շատ նիստեր առանց հիմանվորման հետաձգվել են, ինչը համարում են ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում։ Սյուզաննա Խչեյանն անգամ դեպք հիշեց, երբ գործով պաշտպաններից մեկին դատարանից հայտնել են, որ  նիստը չի կայանալու, քանի որ ամբաստանյալներից մեկին  չեն ներկայացնելու, սակայն ամբաստանյալին ներկայացրել են, իսկ նիստը հետաձգվել է պաշտպանի բացակայության պատճառով։

Պաշտպան Խչեյանը համոզված է, որ դատավոր Խալաթյանը գործը ձգձգելու միտում ունի, որը պայմանավորված է Արթուր Ասատրյանի վերաբերյալ քննվող և այս գործի հետ առնչություն ունեցող  մեկ այլ գործով։

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանի վարույթում քննվել է մեկ այլ քրեական գործ, որով Ասատրյանն ամբաստանյալ էր, իսկ  տուժողի կարգավիճակ են ունեցել նրա  սպանությունը նախապատրաստելու գործով ամբաստանյալներ Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արտակ Այվազյանը։ Ըստ այս գործով Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս առևանգել է իր դեմ նախապատրաստվող սպանության գործով անցնող վերը նշված անձանց։ Ասատրյանն այս գործով արդարացվել է, սակայն դատախազությունը բողոքարկել է որոշումը։ Այս պահին գործը վերաքննիչ դատարանում է։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել