Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը
19:58 - 25 սեպտեմբերի, 2020

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել շարունակել ռազմավարության լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել