Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ
21:03 - 25 սեպտեմբերի, 2020

Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ․

«Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական մարմինների կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները և պահպանման ծախսերի հաշվարկման նորմաները սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի քննարկումը, որի հիման վրա մինչև տարեվերջ պետք է կազմվի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը:
ԱՀ նախագահն ասել է, որ սկսված են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց զուգահեռ՝ գրեթե պատրաստ է միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթուղթը: 2021 թվականի պետական բյուջեի ձևավորման և ադյունավետության բարձրացման առումով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ:

Ա. Հարությունյանի խոսքով՝ նախագահի նախընտրական գլխավոր մարտահրավերը եղել է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումն առաջիկա տարիներին, իսկ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքը հաշվի առնելով՝ կայուն տնտեսություն ունենալը:
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նախնական տնտեսական ցուցանիշների առումով մենք անկում չենք արձանագրել: Հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը աշխարհում լինելու է եզակի պետություններից մեկը, որը 2020 թվականին տնտեսական անկում չի արձանագրելու»,- մասնավորապես ասել է Արայիկ.Հարությունյանը:

ԱՀ նախագահն անդրադարձել է նաև անվճար առողջապահության համակարգի ներդրման, բնակարանաշինության, աշխատավարձերի բարձրացման, կադրային քաղաքականության, պետական տարբեր կառույցների աշխատանքների օպտիմալացման, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, որակյալ և մատչելի գներով կապ ունենալու, կապիտալ շինարարության և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել