Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|
13:00 - 26 սեպտեմբերի, 2020

Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է օրենքով սահմանված դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները հանրայնացնել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը հրապարակման ենթակա չեն:

Գործող օրենսդրության համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև՝ իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

Ըստ նախագծի հեղինակի` օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում: Ուստի նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ:

Հիմնավորումներում նշվում է, որ ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին:

Բացի այդ, ըստ Սահմանադրական դատարանի, հանրային պաշտոնների, մասնավորապես՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին վերաբերող տվյալներն առնվազն այն հավակնորդների մասով, որոնք ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, հանրության համար ոչ մատչելի դարձնելը չի հետապնդում իրավաչափ նպատակ և հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել