Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան
18:21 - 27 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․

«Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պետք է արձանագրի մեկ բան․ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ես կուզեմ, որ աշխարհը սա արձանագրի․ սա լինի խաչմերուկ, որից կա երկու ճանապարհ․ մեկ՝ դեպի հարցի փակում Արցախի Հանրապետության լիարժեք ազատության և ճանաչման ձևով»։

Պատգամավորի խոսքով՝ մենք, մեր բոլոր ներքին խնդիրներով հանդերձ, չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ ու կերպար։ 

Վարչպետը, պատասխանելով նրան, նշեց, որ Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։

«Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,- ասաց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել