Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան
18:28 - 27 սեպտեմբերի, 2020

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Ազգային ժողովի հրատապ նիստի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ուղիղ եւ բաց հարց հնչեցրեց՝ այսօր մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։

Մարուքյանի խոսքով՝ մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, քանի որ ընթացել են բանակցություններ, եւ քննարկվում էր, որ եթե ճանաչենք, բանակցությունը կտապալենք, հետո լայնամասշտաբ կռիվ կսկսվի, հետո Հայաստանն էլ կներգրավվի պատերազմի մեջ։

Հիմա, ինչպես նշեց Մարուքյանը, չկան բանակցություններ, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, մեր օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետեւաննքերով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, կմիանա ՀՀ-ին եւ թեման կփակենք այլեւս․ «Պիտի բաց խոսենք եւ բաց խոսում ենք»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

Փաշինյանն այս հարցը երկու մասի բաժանեց՝ ճանաչում եւ հետո, սակայն նշեց, որ հետոյի մասին ոչինչ չի ասի, քանի որ չի կարծում, թե ճիշտ է։

Նա շարունակեց, որ այո, մեր օրակարգում կա այդպիսի հարց, ինչպես եղել է նախկինում։ Իսկ արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, Փաշինյանը կարծում է, որ պետք է այդ հարցը լրջորեն քննարկել՝ գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում, եւ հնարավոր է՝ հանրային քննարկում էլ սկսվի այսպիսով, բայց մենք քննարկում ենք իրադարձությւոնների զարգացման բոլոր սցենարները։

Մարուքյանն էլ իր հերթին կոչ արեց ՀՀ-ում լայնամասշտաբ քննարկումներ սկսել՝ Արցախի ճանաչման հարցով։ Փաշինյանը, համաձայնելով ընդդիմադիր գործչի դիտարկման հետ, նշեց, որ քննարկել է պետք՝ ինչ փաստարկներ կան անելու դեպքում, եւ եթե չենք անում՝ ինչ փաստարկներ կան, որպեսզի հասկանանք այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, կամ ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել