Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին |fip.am|
18:38 - 27 սեպտեմբերի, 2020

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք փաստեր վկայում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկար ժամանակ պլանավորում էին ռազմական գործողությունները։

Հաշվի առնելով, որ լայնածավալ հարձակումը (կամ հակահարձակումը) երկար նախապատրաստական աշխատանք է պահանջում և չի կարող լինել մի օրում (ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն), «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման մասին վկայող տեղեկություններ։

Քաղաքացիական մեքենաների հավաքագրում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար

Ադրբեջանական իշխանությունները, սկսած սեպտեմբերի 21-ից, առգրավում և ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։ 

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հաստատել էր այս մեքենաների առգրավումը՝ այն պայմանավորելով տեխնիկական զննության անհրաժեշտությամբ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության` պիկապ մեքենաները և հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կարիքների համար` համաձայն «Ռազմական մեքենաների հաշվառման կանոնների», և ենթակա են տեխնիկական ստուգման: 

Չհայտարարված զորահավաքներ էին իրականացվում

Դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում  զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր: Լրատվամիջոցը նաև հայտնում էր, որ պահեստազորի զինվորներին չեն հայտնել նախապես, թե իրենց ուր են տանում: BBC-ն ներկայացնում էր Ադրբեջանի մի քաղաքացու պատմությունը, որին պարզապես կանչել էին զինկոմիսարիատ հաշվառվելու, ինչից հետո երկու ամսով զորավարժությունների էին տարել՝ առանց նախապես զգուշացնելու:

Ավելին, հղում անելով Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինակոչի պետական ծառայությանը, լրատվամիջոցը հայտնել էր նաև, որ երկրում սկսվել է ռազմական պահուստների մոբիլիզացիա: Ավելի ուշ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի ծառայությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ դա սովորական գործընթաց է, որը պարբերաբար տեղի է ունենում: 

Թուրքական օդուժը ռազմատեխնիկա էր մատակարարում Ադրբեջան

Պատերազմին նախապատրաստվելու գործում նշանակալի էր Թուրքիայի «աջակցությունը»։ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի և  այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաև սիրիացի վարձկաններ:

Թուրք լրագրողները առաջին գծում

Այսօր առավոտյան սկսված մարտերից կարճ ժամանակ անց թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը, ինչպես թուրքական պետական հեռուստաալիք TRT-ն ու «Անադոլուն», զարմանալիորեն արդեն առաջին գծում էին և ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում։ 

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական իշխանությունները, նախքան հարձակմանն անցնելը, ակտիվորեն և բացահայտ կերպով նախապատրաստվում էին ռազմական գործողությունների մեկնարկին։ Ընդ որում, դա արվում էր Թուրքիայի աջակցությամբ:

Անի Ավետիսյան

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել