Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
19:07 - 27 սեպտեմբերի, 2020

Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանանք, որ սա պարզ իրավիճակ չէ, սա ֆիլմ չէ, որտեղ երջանիկ ավարտ է լինում։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիինյանը։

«Երջանիկ ավարտը մենք պետք է ապահովենք՝ քայլելով նաև հրի միջով, սրի միջով, կրակի միջով, անհնարինության, հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի ճանապարհը։ Պետք է մի անգամ կանգնենք և պաշտպանենք ինքներս մեզ ու մեր իրավունքները՝ չլինելով դեստրուկտիվ, մոլագար, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների և իրավունքների մասին մեր պատասխանատվությունը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։

«Չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի ու գիտակցության մեջ։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, ընթանալ, պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի հաղթանակի, հանուն Վազգեն Սարգսյանի հաղթանակի, հանուն Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, հանուն Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղերքի հաղթանակի»,- նշեց վարչապետը։

Նա կոչ արեց, որ եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ՝ հանուն ճշմարտության, ապագայի, արդարության և հանուն օրինականության հաղթանակ։

«Եվ եթե մենք այսպես վարվենք, մենք կհաղթենք․ ես դա բոլորիդ երաշխավորում եմ»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել