Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ
19:47 - 27 սեպտեմբերի, 2020

Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

Միջազգային ապակայունարար Թուրքիայի աջակցությունը ստանալով Ադրբեջանը թույլ է տվել միջազգային մարդասիրական իրավունքի և խաղաղ կարգավորման գործընթացի դեմ ծանրագույն հանցագործություն։ Լայնածավալ ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական բնակավայրերը, անձիք և ընդհուպ մայրաքաղաք Ստեփանակերտը։

Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք, որոնք շանտաժով փորձում են իրենց հարևաններից զիջումներ կորզել կենսականորեն կարևոր շահերի և իրավունքների հարցում։ Դա տեղի է ունենում ամենուր ուր ներգրավված է Թուրքիան, և հիմա հերթը հասել է մեր տարածաշրջանին։ Սա հստակ ահաբեկչական վարքագիծ է, որը պետք է արժանանա կոշտ հակազդեցության՝ հանուն ողջ մարդկության անվտանգության։

Այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար ինչպես մեր տարածաշրջանում այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ այս ագրեսիան հնարավոր կլիներ կանխել, եթե միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը հետևողական լինեին Վիեննաի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը և հրադադարի հաստատման պայմանագրով նախատեսված եռակողմ ձևաչափի պահպանմանը։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պետական ինստիտուտներին՝ հայությանը սպառնացող վտանգին դիմակայելու հարցում և միանում համաժողովդական համերաշխության գործընթացին։

Ժամանակն է, որ հաշվի առնելով ներկայի իրողությունները և անցյալի որոշումները Հայաստանը հստակություն մտցնի Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշման մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել