Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան
00:45 - 28 սեպտեմբերի, 2020

Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան

Առավոտվանից կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հետ, այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ՄԽ համանախագահները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախիարտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակը Արդբեջանն է։ Ընդհանրապես, միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու»,- նշեց նախարարը։

Նա ընդգծեց, որ ակտիվ աշխատանքներ են տարել միջազգային տարբեր կառույցների հետ։

«Նախ իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ արտերկրում մեր գործընկերները իմանան, թե ով է նախաձեռնել հերթական ագրեսիայի ակտը, և պատահական չէ, որ հետո մի շարք հայտարարություններ հնչեցին (և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է), որտեղ տարբեր կառույցներ, քաղաքական տարբեր գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին»,- հավելեց Մայիլյանը։

Արտգործնախարարի խոսքով՝ միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից։

«Հիմնական մեսսիջն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Որոշ հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասաց Մասիս Մայիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել