Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան
22:52 - 28 սեպտեմբերի, 2020

Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ճեպացրույցի ժամանակ նշեց, որ շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով։

«Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածը՝ այսինքն՝ հյուսիս-արևելյան ուղղությունը։ Այսօր՝ կեսօրից հետո, նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողություններն արդեն Օմարի ուղղությամբ»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։

«Երևի հնարավորություն ունեցել եք տեսնելու հատվածներ՝ ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները։ Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։  Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել»,-մասնավորապես նշեց ԱՀ նախագահը։ 

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։

«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։ Ադրեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել՝ ինչ է կատարվել մեր կապի բնագավառում։ Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,-իր խոսքում նշեց ԱՀ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել