Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան
11:44 - 29 սեպտեմբերի, 2020

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։

«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։ 

ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։

«Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ  այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։

«Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել