Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան
21:20 - 29 սեպտեմբերի, 2020

Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը՝ ոչ միայն դիվանագիտական հարթակում․ այսօր երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն, ցավոք, զոհվել է։

Այս էսկալացիան, սակայն, անսպասելի չէր, ինչի մասին խոսել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ինչի մասին վկայում են մի շարք փաստեր։

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նաեւ երկու կարեւոր պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում սկսեց ռազմական գործողությունները։ Առաջինն այն հանգամանքն է, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը վերջին տարիներին, այսպես ասած, իր լավագույն ժամանակները չէր ապրում, ճգնաժամային երեւույթներն էլ կուտակվում էին։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, պատգամավորի խոսքով, պարզ դարձավ, որ Ալիեւի վարչակարգի փրկության վերջին շանսը, իրենց պատկերացմամբ, փոքրիկ հաղթական պատերազմն է․

«Տարածված այսպիսի արտահայտություն կա, ըստ որի՝ բռնապետերը փորձում են իրենց ժողովրդի ուշադրությունը շեղել եւ պատերազմի միջոցով ներքին կոնսոլիդացիա ապահովել։ Եւ այս գործընթացը Ադրբեջանում շատ ակնհայտ էր վերջին ամսիներին։ Բավական է ուղղակի վերհիշել հուլիսյան դեպքերից հետո Բաքվում տեղի ունեցած ցույցը, որից եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում կուտակված ատելությունը վաղ թե ուշ կարող էր ուղղվել հենց այդ իշխանությունների դեմ։ Ալիեւի վարչակարգն այսպիսով որոշեց, որ այդ ատելությունն, այնուամենայնիվ, պետք է ուղղել հայերի, Հայաստանի եւ Արցախի դեմ, ու մենք ունենք այն, ինչ ունենք»,- մեր զրույցում ասաց Զոլյանը։ 

Մյուս գործոնը, որը Թուրքիային է վերաբերում, ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին այս պետության ագրեսիվ քաղաքականության նոր փուլն է։ Զոլյանի խոսքով՝ թեեւ Էրդողանը երբեք էլ շատ խաղաղասեր չի եղել, բայց վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին տեսում ենք աննախադեպ ակտիվացում, իր գրեթե բոլոր հարեւանների հետ կոնֆլիկտների սրում՝ Սիրիա, Իրաք, Կիպրոս, եւ այլն։

«Հիմա էլ տեսնում ենք, որ, փաստորեն, Հարավային Կովկասում էլ Էրդողանը ունի որոշակի նկրտումներ, բայց Թուրքիան 90-ականներից ի վեր չի ունեցել այսպիսի ագրեսիվ քաղաքականություն՝ Հարավային Կովկասում եւ կոնկրետ Հայաստանի հանդեպ։ Թուրքիան, փաստորեն, փորձում է ըստ էության հաստատավել Հարավային Կովկասում եւ ինչ-որ չափով դուրս մղել Ռուսաստանին եւ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ-որ չափով փոխարինել իր ազդեցությամբ»։ 

Թե այս պահին որն է զսպող գործոնը, որ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա, եւ որ պարագայում ռազմական գործողություններ կսկսի մեր սահմանին, պատգամավորը պատասխանեց՝ Թուրքիան այս պահին էլ ակտիվ օգնում է Ադրբեջանին, եւ, ըստ էության, արդեն կարելի է կոնֆլիկտի մի կողմ համարել նրան։ Սակայն ինչ վերաբերում է բուն Հայաստանի տարածքին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ կլինեն ոչ միայն Արցախում, այլեւ այստեղ, ապա, ինչպես Զոլյանը նկատեց, ուժի մեջ կմտնի ՀԱՊԿ պայմանագիրը, եւ ՀԱՊԿ դաշնակիցները պարտավոր կլինեն աջակցություն տրամադրել Հայաստանին։ 

«Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչպիսի անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային խաղաղության համար։ Իհարկե, կան որոշակի սահմանափակումներ, եւ ինչքան էլ Էրդողանը ագրեսիվ լինի եւ ինչքան էլ ադեկվատ, միեւնույն է՝ այդ սահմանափակումները օբյեկտիվ են եւ դրանք ոչ ոք չի կարող հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե Թուրքիայի ղեկավարները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում եւ ադեկվատ են ընկալում իրականությունը, ապա դժվար թե Հայաստանի վրա հարձակվելու փորձ անեն։ 

Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին Արցախը ճանաչելու հարցը հանրային լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը։ Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանաչման հարցը նոր չի առաջանում, եւ այսօր տեղի ունեցողն արդեն վաղուց կանխատեսելի էր․

«Եւ, ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության մեջ Արցախի ճանաչման հարցի բոլոր տարբերակները վաղուց քննարկվում են եւ քննարկվել են, սակայն այդ քննարկումը վերջին իրադարձությունների բերումով նոր ծավալ եւ ուժ է ստանում։ Մենք որեւէ տարբերակ չենք բացառում, պետք է առաջնորդվենք զուտ պրագմատիկ հաշվարկով, պետք է հասկանանք այս պահին Արցախի ֆորմալ ճանաչումը մեզ օգնելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ավելի հեռանկարում մեզ համար նպաստավո՞ր է լինելու, թե՞ ոչ։ Մենք զուտ այդ տեսակետից պետք է որոշում ընդունենք, կամ ճանաչենք, կամ, օրինակ, ռազմաքաղաքական դաշինք կնքենք, կամ կարող ենք այս պահին այդ ուղղությամբ ինչ-որ բան չձեռնարկել։ Այդ ամենը հաշվարկ է. պետք է իրադրությունը գնահատենք, տարբեր կողմերի մոտեցումները, դիվանագիտական իրավիճակը, ռազմական իրավիճակը եւ այդ բոլոր գործոնների հիման վրա ընդունենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։

Պատգամավորը հայտարարեց՝ թեեւ շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքն ու նրանց արձագանքը, սակայն, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․

«Այս փորձությունից պետք է դուրս գանք մեր քաղաքացիների ուժերով։ Միջազգային հանրությունը, իհարհե, շատ կարեւոր է, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանք դատապարտեն Արդրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, բայց հիմնական կոչը մենք պետք է ուղղենք մեզ»։ 

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ապա, Զոլյանի խոսքով, քանի որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Արցախի շփման գծում, այստեղ ՀԱՊԿ-ն անմիջական անելիք չունի, բայց մենք աշխատում ենք նաեւ ՀԱՊԿ-ի հետ, տեղյակ ենք պահում զարգացումների մասին, եւ կդիմենք միայն անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով։ 

«Մինսկի խմբի համանախագահներն էլ, պարզ է, որպես միջնորդ պետք է որոշակի միջնորդական կեցվածք ցուցաբերեն, բայց, միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք մեր գործընկերների հնարավորինս հստակ գնահատականներն ու գործողությունները։ Սակայն, նորից եմ կրկնում, վճռական նշանակություն ունեն Հայաստանի եւ Արցախի զինվորները, մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիները։ Իսկ Հայաստանի զինված ուժերը իրենց խնդիրները կատարում են փայլուն, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել