Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ
22:35 - 30 սեպտեմբերի, 2020

Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ

Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է»,- նշեց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքերով՝ հայկական որոշ լրատվամիջոցներ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իր կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ինքն ամենաշատը կարևորել է Արցախի անվտանգությունը, և իր ողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ «Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։ 

Նա տեղեկացրեց, որ անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։

«Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։ Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա»,- վստահեցրեց ԱՀ նախագահը՝ ավելացնելով․ «Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ»։

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին։ 

«Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք դարձնում մեր գլխին ժամանակի ընթացքում»,- ասաց Հարությունյանը։ Նա նաև նշեց՝ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։ 

Արցախի նախագահը վստահեցրեց՝ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել