ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ արդյոք «TikTok»-ն արգելափակելու փորձ է անում  |hetq.am|
11:54 - 01 հոկտեմբերի, 2020

ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ արդյոք «TikTok»-ն արգելափակելու փորձ է անում |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյից Հայաստանում «TikTok» սոցիալական ցանցը խափանումներով է գործում։

Մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում գրառումներ են անում «TikTok» սոցիալական ցանցի արգելափակման մասին։ Ոմանք էլ պնդում են՝ դեռևս կարողանում են օգտվել սոցիալական ցանցից։ 

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեռահաղորդակցման որոշ օպերատորների միջոցով հնարավոր է լինում օգտվել սոցցանցից, որոշներով՝ ոչ։ «Կա տպավորություն, որ արգելափակման առնվազն փորձ է արվում։ Բայց հնարավոր է՝ դեռևս փորձարկում են։ Հստակ որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց նա։

Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվեց պատասխանել՝ արդյոք փորձում է արգելափակել «TikTok» սոցիալական ցանցը Հայաստանում։ Ծառայությունից նաև չմանրամասնեցին՝ արգելափակելու հարցը քննարկվում է, թե՞ ոչ։

Նշենք, որ մի շարք քաղաքացիներ, հատկապես ծնողների շրջանում, մտահոգություն են հայտնում Հայաստանում այս պահին «TikTok» սոցիալական ցանցի առնչությամբ, որի հիմնական սպառողը երեխաներն ու դեռահասներն են, քանի որ այդ սոցիալական ցանցում տարածվում են զոհված հայ զինծառայողների և պատերազմական վիճակի մասին կեղծ տեսանյութեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել