Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը
 |ermenihaber.am|
19:58 - 01 հոկտեմբերի, 2020

Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելութ է ունեցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը։ Երկարաշունչ ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հերթական անգամ վերահաստատել է Անկարայի վճռականությունը «ադրբեջանցի եղբայրների կողքին լինելու և բռնազավթված տարածքները ազատագրելու հարցում»։

Էրդողանը դարձյալ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակին, իբր վերջինս 30 տարի շարունակ անտեսել է ղարաբաղյան խնդիրը։ Անընդունելի է համարել եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նախ պետք է հայկական զինուժին դուրս հանել այդ տարածքներից, իսկ հետո էլ այդ  տարածքներ «վերադառնան ադրբեջանցի եղբայրները»։

«Այս հարցը Պուտինի, Մակրոնի հետ ենք քննարկել, միշտ խոսել ենք, բայց արդյունք չի եղել: Հիմա արդյունքի ժամանակն է, և մեր ադրբեջանցի եղբայրները իրենց խնդիրը լուծելու ուղղությամբ քայլ են արել... Թուրքիան ողջ հնարավորություններով և ամբողջ սրտով շարունակելու է աջակցել Ադրբեջանի եղբայրներին, որոնց «2 պետություն, 1 ազգ» ենք համարում,- ասել է Էրդողանը և ավելացրել - ՀՀ ղեկավարությանը չի փրկի անգամ  Թուրքիային համառորեն զրպարտելու ջանքերը: Այս մերժված պետությանը աջակցողներին զգուշացնում եմ, որ պատասխան են տալու մարդկության խղճի առաջ»։

Թուրքիայի նախագահը դիմել է նաև քնարական զեղման. ասմունքել է տողեր հանգուցյալ Աբդուռահիմ Քարաքոչուի գրած «Նամակ Ղարաբաղին» բանաստեղծությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել