Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում
18:41 - 02 հոկտեմբերի, 2020

Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:

Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:

«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։

Մենք մեր գործառույթները բարեխիղճ կատարել ենք խաղաղ կյանքում, դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը`հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալարման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման և սպասեն զորակոչի:

Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել