Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար
19:34 - 03 հոկտեմբերի, 2020

Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է։

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական դիվանագիտությունը շարունակել բանակցությունները այս ստատուս-քվոյի պայմաններում, Մայիլյանն ասաց, որ առնվազն պետք է վերականգնել առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։

«Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում,- նշեց Արցախի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ունենք նոր գործոն․ Թուրքիա։ Եթե ՌԴ-ն այն ժամանակ ավելի հեշտ կարող էր, այսպես ասած, համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված․ համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է խաղաղություն պարտադրվի, Մասիս Մայիլյանը ընդգծեց, որ խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։

«Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները»,- ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել