ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան
14:27 - 04 հոկտեմբերի, 2020

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվորական գիտելիքներով խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապոտությունը, մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և ԱԹՍ-ներ։ Այս մասին Զինուժ մեդիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու մարտական գործողությունների գոտին։

«Եվ եթե դա նրա համար մարտական գործողությունների ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացությունները անեն»,- հավելել է նախարարը։

Անդրադառնալով ադրբեջանցի նախարարի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ տարածքից հրետակոծվում են Ադրբեջանի բնակավայրերը, Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս։

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկաման վայր են, մեր ՊԲ-ի, Արցախի ԶՈՒ-ի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանելու են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,- եզրափակել է ՀՀ ՊՆ ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել