Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան
11:22 - 05 հոկտեմբերի, 2020

Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը»,- ընդգծեց նա։

Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խոսնակի հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց՝ նրա հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։

«Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող։ Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա»,- հավելեց նա։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։

«Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- հավելեց նա։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել