ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան
02:08 - 07 հոկտեմբերի, 2020

ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ողջ գիշեր եւ այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի երկայնքով ուժեր կուտակել եւ առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի գործողությունները եւ խմբավորմանը հրետանային դիպուկ կրակով մեծ վնաս են պատճառել, իրականացրել են կրակային խոցում՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։

Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել»-հայտնեց Հովհաննիսյանը։

Նա նշեց․ «Իրանից պատասխան կա, եւ, բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով։ Այլ բան ասել չեմ կարող, սա վերաբերում է այլ պետության»։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր եւ միջոցներ է կիրառում, մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային եւ օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Շուշիին եւ այլ բնակավայրերին։ 

Նրա խոսքով՝  հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան։ Իսկ գերիների, զոհերի մասով որեւէ առարկայական ինֆորմացիա տալ  չի կարող։ 

«Թուրքական ներգրավվածության նվազում չենք տեսնում, Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ, եթե ինչ-որ միջոցներ պակաս է կիրառում, դա կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ։ Իսկ մնացած առումներով, որտեղ ոչ ռազմական միջոցներով աշխատում ենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ կամ անմիջական ազդեցություն չեն թողնում, դրանք այլ ժամանակահտվածի համար կարող են ազդեցություն թողնել»-ասաց Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել