Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|
13:21 - 12 հոկտեմբերի, 2020

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Թունյանը նախ նկատեց, որ թեև ՍԾՏՀ-ն կոչվում է տնտեսական կազմակերպություն, սակայն փորձ է արվում այն ավելի շատ օգտագործել որպես քաղաքական հարթակ: «Մենք, իրավիճակից ելնելով, հայտարարության տեքստ էինք նախապես պատրաստել՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիայի հետ կապված: Այն ուղարկել էինք կազմակերպության բոլոր պատվիրակություններին: Նիստի ընթացքում Անուշ Բեղլոյանն ընթերցել է այդ հայտարությունը: Ինչպես և կարելի էր սպասել, նիստը անցավ,  մեղմ ասած, շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց ինձ թվում է, որ վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, և ինչ է այս ամենի իրական նպատակը»,- ասաց պատգամավորը:

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները փորձել են խանգարել Անուշ Բեղլոյանին ՝ ընթերցելու հայտարարությունը՝ հորդորելով վերադառնալ օրակարգին՝ կորոնավիրուսի թեմային: «Մենք ներկայացրել ենք և՛ մասնագիտական զեկույց, և՛ քաղաքական իրավիճակը: Ըստ էության, մեր դիրքերը չենք զիջել»,- ասաց նա:

Կազմակերպությունում հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցել մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ նիստը, տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի  55-րդ նիստը և իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստը: Քննարկման հիմնական թեման եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը ՍԾՏՀ խորհրդարանի վրա, քննարկվել է այս համատեքստում խորհրդարանի դերը: Հայկական կողմից մասնակցել են Բաբկեն Թունյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը և Անուշ Բեղլոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել