Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին
20:27 - 15 հոկտեմբերի, 2020

Միայն միջազգային պատշաճ արձագանքը կկանխի տարածաշրջանի հումանիտար աղետը. փոխվարչապետը՝ ԵՄ դեսպանին

Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանցավոր գործողությունները, այդ թվում՝ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը և խաղաղ բնակչության թիրախավորումը չեն կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից և որ Արցախի ժողովրդի գոյութենական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ և իրականացմամբ։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին կառուցողական համագործակցության համար:

Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր», «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում նաև առաջիկա մասհանումների իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները:

Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը գոհունակությամբ են նշել, որ արդեն ուժի մեջ են մտել երկու նոր բյուջետային աջակցության ծրագրեր՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ 1» և «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»:

Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ չնայած կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններին Կառավարությունը նաև շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել