Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում |armtimes.com|
18:00 - 16 հոկտեմբերի, 2020

Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում |armtimes.com|

armtimes.com: Արցախցի բազմաթիվ երեխաներ, որ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում, ընդունել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկն ու հաճախում են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ. «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաղորդեցին ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուամենայնիվ, Արցախում գտնվող երեխաները դպրոց հաճախել, իհարկե, չեն կարող, և ինչպես տեղեկանում ենք նախարար Արայիկ Հարությունյանի գրառումից, շուրջ 24 հազար արցախցի երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե արդյոք կրթության իրավունքի պահանջը խախտելը կարո՞ղ է ներկայացվել միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացվող գործերի շրջանակում, և ի՞նչ կարող ենք ակնկալել նման պահանջի արդյունքում: Մեր հարցերին համաձայնեց պատասխանել ամբիոնի դասախոսներից մեկը, սակայն չկամեցավ, որ նշվի իր անուն-ազգանունը, քանի որ, իր խոսքով, կրթության իրավունքի նեղ մասնագիտացում չունի: Նա ընդգծեց, որ կրթության իրավունքը պետք է դիտարկել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների՝ բազային իրավունքների խախտման համատեքստում, իսկ այստեղ, առաջնայինն, իհարկե, կյանքի իրավունքն է:

- Ընդհանրապես հակամարտության ժամանակ, ռազմական գործողությունների ընթացքում կան որոշակի կանոններ, որ սահմանված են 1945թ․ Ժնևի կոնվենցիայով և դրա լրացուցիչ արձանագրություններով։ Միջազգային իրավական փաստաթղթերով հստակ արգելվում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը։ Այսինքն՝ մենք պիտի սկսենք այստեղից:

Իհարկե, կրթական իրավունքը կարևոր իրավունքներից է, որ սահմանված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, օրինակ՝ 1945թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Այն 1950թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունք է, բայց սա կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ հիմնականում պարտավորություն է նախատեսում պետության համար՝ ապահովելու իր քաղաքացիների կրթության իրավունքը: Այստեղ այդ իրավահարաբերությունը պիտի տարանջատենք:

Իսկ հիմա գանք սկզբից։ Եթե կա զինված ընդհարում, ապա զինված ընդհարման ժամանակ պիտի կողմերը պահպանեն կանոնները նշված փաստաթղթերի։ Դպրոցները և կրթական հաստատություններն այն օբյեկտներից են, որոնք, հստակ նշված է միջազգային իրավական մեխանիզմներով, արգելված է թիրախավորել։ Խախտումներն սկսվում են այստեղից: Անգամ կյանքի իրավունքի խախտման մասին է խոսքը, ուր մնաց՝ կրթական իրավունքը։

- Կրթական իրավունքը, Դուք էլ նշեցիք, պետք է ապահովի պետությունը, սակայն ագրեսորի կողմից նման իրավիճակի ստեղծմամբ պայմանավորված՝ մարդիկ նույնիսկ նկուղներից չեն կարողանում մի պահ դուրս գալ: Ըստ այդմ՝ ումի՞ց, ի՞նչ է հնարավոր պահանջել:

- Այո՛, թիրախավորում են խաղաղ քաղաքացիներին, աշխարհը ճարակած կորոնավիրուսի պայմաններում պատերազմ են սկսում, երբ մարդկանց մաքուր օդ է պետք, հիգիենա պահելու պայմաններ, մարդիկ նկուղից չեն կարողանում դուրս գալ, հնարավորություն չեն տալիս մարդու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովել: Դա հենց իմ նշած բազային իրավունքների խախտումն է:

Կրթական իրավունքը, ըստ էության, պիտի ապահովի պետությունն իր քաղաքացիների համար, այն համարվում է սովորութային միջազգային իրավունք: Բնականաբար, այս պայմաններում չեն կարող Արցախի բնակիչները պահանջել իրենց կրթական իրավունքները Ադրբեջանից (դրանք Ադրբեջա՛նն է խախտում): Այստեղ եղած իրավիճակը մարդասիրական իրավունքի բազային նորմերի խախտումն է, որով ակնհայտորեն խախտվում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման արգելքը:

Սա պատերազմական հանցագործություն է: Նշված իրավական մեխանիզմների հարցերը կարող են բարձրացվել իրավական տրիբունալներում, բայց, ցավոք սրտի, այս պահին չկա փոխադարձ համաձայնություն պատերազմական հանցագործությունների մասով կամ այլ խախտումների մասով վեճերը քննել:

- Առհասարակ չկա՞, թե՞ Հայաստանն առայժմ նման որոշում չունի:

- Պատերազմական հանցագործությունների մասով կա որոշակի իրավազորության ներքո գործեր քննելու մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն էլ այն է, որ կողմերը մասնակից լինեն Հռոմի ստատուին, այսինքն՝ միջազգային քրեական դատարանի, կոպիտ ասած, կանոնադրությանը: Տվյալ դեպքում մասնակից չէ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը: Ու եթե Հայաստանի՝ մասնակից չլինելը խնդիր չէ, քանի որ մենք կարող ենք դիմել այլ կարգով, սակայն Ադրբեջանի պարագայում խնդիր է. ուղղակի չի ընդունի: Չասենք, որ գործը չի կարող քննվել, բայց այն խնդրահարույց է լինելու:

Ամբողջ այս պատերազմի մեջ կրթական իրավունքի ապահովումն ընդամենը մի տարր է և ոչ հիմնականը: Մտել հաշմանդամ մարդ են սպանել: Այդ իրավիճակում կրթական իրավունքի մասին քննարկումները, եթե չասենք վերջինը, ապա իրավական վերականգնման տեսակետից ամենաանհասկանալին է: Մարդիկ չեն պահպանում բազային կանոնները, թիրախավորում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, որ, ինչպես նշեցինք, արգելված է ՄԻԵԴ-ի կոնվենցիայով, Հռոմի ստատուտով էլ համարվում է պատերազմական հանցագործություն:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել