ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ:

«Այդ պահին հիվանդանոցում գտնվող Նարեկը պատմել է, թե ինչից և ինչպես է վիրավորվել: Նաև պատմել է, որ շատ է սիրում մաթեմատիկա և շախմատ։ Ապաքինվելուց հետո, պայմանավորվել ենք հանդիպել և միասին շախմատ խաղալ: Նարեկին ընկերակցում էր Ռուբենը, որը, ցավոք, վնասվածքների պատճառով նոր է վերսկսում խոսել: Նրա վիրավորվելու մասին մեզ պատմեց մայրիկը: Իմացանք նաև, որ Ռուբենը շատ հետաքրքրություններ ունի, ֆուտբոլի մեծ սիրահար է և չի պատրաստվում հրաժարվել իր սիրած խաղից։ Այցելել ենք նաև երկու տարեկան Արծվիկին: Նրան խնամում է մայրիկը: Բուժանձնակազմի հետ քննարկել ենք փոքրիկի ապաքինման ընթացքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր այն երեխաների հետ է, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի: Ինչպես միշտ, համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում»,- նշված է «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան»-ի տարածած հայտարարության մեջ։