azatutyun.am: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, [Լեռնային Ղարաբաղի] խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե՛ երկու երկրներին և թե՛ ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», - նշել է դեսպանը։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», - ասել է Ջալալին։

«Մենք ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել», - նշել է իրանցի դիվանագետը՝ մանրամասնելով, - «Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը»: