Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը
21:53 - 17 հոկտեմբերի, 2020

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, երիտասարդական կամավորության խթանումը, նորարարական գաղափարների խրախուսումը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացումը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նիստի սկզբում այբբենական կարգով առաջինը զեկուցող Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչը սադրանքի ակնհայտ և անհաջող փորձ է արել` շեղելով նիստի օրակարգը և Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները փորձելով կապել երիտասարդական հավաքի և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի հետ:

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Ինդիգամ Վագիֆ օղլի Բաբաևն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղացիական բնակչությանը, որի հետևանքով իբր տուժել է նաև Հայրենական պատերազմի ոգեկոչման այգին։ Նա իր խոսքում ներկայացրել է հակամարտության նենգափոխման ադրբեջանական քարոզչամեքենայի ամբողջ ներկապնակը՝ այդ ամենը կապելով Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանի տված զոհերի, հերոսների և այլ զոհողությունների հետ:

Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչի տարածած տեղեկատվությունն ակնհայտ սադրանք է և նպատակ ունի շեղել ԱՊՀ Երիտասարդության հարցերի խորհրդի օրակարգը։

Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է Թուրքիայի մասնակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի իրական բնույթը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտման հրամայականը, որ այդ երկիրն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները և հաշվետվության կանչվի ռազմական արկածախնդրության համար:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նաև առիթն օգտագործել է մատնանշելու, որ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Ադրբեջանի մասնակցությունը տպավորիչ է ահռելի զոհողությունների և հերոսականության շնորհիվ, որը դրսևորել է արցախահայությունը, որ հիմա հերոսական գոյապայքար է մղում պաշտպանվելու այդ նույն Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից:

Մասնակիցները խոսել են նաև 2020 թվականի ընթացքում իրենց երկրներում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին, որոնց ճնշող մեծամասնությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մյուս ԱՊՀ մասնակից-պետություններում, COVID-19 համաճարակով պայմանավորված չեղարկվել կամ հետաձգվել է: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել և որոշվել է, որ ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում 2021 թվականի 2-րդ կիսամյակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել