Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Գնել Սանոսյան
22:20 - 17 հոկտեմբերի, 2020

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել է»,- ասաց մարզպետը։ 

Նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ՝ մարզի բնակչությունը առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին, և բավական լավ քաղպաշտպանության է անցել և դրա արդյունքում կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից։

Գնել Սանոսյան հիշեցրեց, որ մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ։

«Ուզում եմ ընդգծել, որ դրանք միայն Վարդենիսի տարածաշրջանում չեն խոցվել, խոցվել են նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում»-ավելացրեց նա։ 

Սանոսյանը պատմեց Սևանից Գևորգի մասին, ով ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ։

«Ինչու ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից։ Գևորգը զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է»,- ասաց մարզպետը ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել