Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան
22:29 - 19 հոկտեմբերի, 2020

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Իսկ կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնեն, կամփոփվեն թվական տվյալները։ 

Այս պահին Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի դիակների հուղարկավորության վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, որովհետև դիակները շատ դեպքերում միջդիրքային տարածություններում կամ դիրքերի մեջտեղում են։ ՊՆ ներկայացուցչի պնդմամբ՝ նման բան անելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք․

«Ընդ որում՝ մենք դրել ենք հստակ պայմաններ՝ միջազգային դիտորդնեի առկայությունը, այլապես չես կարող մոտենալ, որովհետև կրակագոտում ես հայտնվելու»,- շեշտեց նա։

Ասուլիսին ներկա էր նաեւ պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա, դիմելով հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայերին, կոչ արեց, որ բոլորը կանգնեն մեր երկրի, բանակի կողքին և ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ․

«Իմ կոչն այն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, անեն դա։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինել »,- ասաց Արտակ Հովհհանիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել