Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց խոչընդոտների |hetq.am|
18:49 - 20 հոկտեմբերի, 2020

Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց խոչընդոտների |hetq.am|

hetq.am: Հայաստանը շարունակում է ժամանակին և առանց խոչընդոտների կատարել պետական պարտքի սպասարկումը. արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի ազդել պարտքի կառավարման վրա։ Միևնույն ժամանակ՝ ներգրավվում է նոր պարտք, թողարկվում են նոր պետական պարտատոմսեր, որոնք ծրագրված են եղել դեռևս ամիսներ առաջ։ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային վարկատուները պատրաստ են Հայաստանին տրամադրել այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի։

Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանում տեղի է ունեցել 30 տարի անց մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:

Իսկ ավելի պարզ լեզվով ասած՝ քաղաքացիները պետությանը 20 մլրդ դրամ պարտք են տվել 30 տարով։ Ընդ որում՝ պահանջարկը 50.1 մլրդ դրամ է եղել։ Այսինքն՝ քաղաքացիները 2.5 անգամ ավելի շատ պարտատոմս գնելու պատրաստակամություն են հայտնել։ Ոլորտի պատասխանատուները սա դրական փաստ են համարում հատկապես այս օրերին, երբ սահմանում լարված իրավիճակ է։

«Սա նշանակում է, որ պատերազմի օրերին մեր հասարակությունը խուճապի մեջ չէ, անորոշություններ չի տեսնում։ Ինչպես այս տարվա ապրիլին են 30 տարով պարտատոմսեր գնել, այնպես էլ՝ հոկտեմբերին։ Դա ցուցիչ է, որ ժողովուրդը հավատում է և՛ երկրին, և՛ բանակին»,֊  նշեց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Նա նաև շեշտում է, որ նոր պետական պարտատոմսերի թողարկումը պայմանավորված չէ պատերազմով, այլ պլանավորված էր շատ ավելի վաղ։ Ճիշտ այնպես, ինչպես պլանավորված է նաև պարտքի սպասարկման ժամանակացույցը, որը ևս չի խախտվում։

Մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարվել է 2013 թվականին ստացված 700 մլն դոլար պարտքի մնացորդը։ Հիշեցնենք, որ Հայաստանը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի թողարկում։ Այսինքն՝ ներգրավել է 700 մլն դոլարի արտաքին պարտք։ 2015 և 2019 թվականներին այդ պարտքից մարվել է, ընդհանուր առմամբ, 602.3 մլն դոլարը։ Իսկ մնացած 97.7 մլն  դոլարը մարվել է այս տարվա սեպտեմբերի 30-ին։

Սեպտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը 7.855 մլրդ ԱՄՆ դոլար է

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.855 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 533 մլն դոլարով կամ 7.3%-ով։

Արտաքին պարտքը մոտ 5.977 մլրդ դոլար է, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 192 մլն դոլարով կամ 3.3%-ով։

Նույն ընթացքում ներքին պարտքն աճել է  341 մլն դոլարով կամ 22.2%-ով՝ կազմելով մոտ 1.878 մլրդ դոլար։

 

 

«Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Մենք գլխապատառ չենք գնում ամեն գնով փող վերցնելու։ Վերցնելիս մենք անպայման դիտարկում ենք պայմանները, եթե ձեռնտու չեն լինում, սպասում ենք ավելի շահավետ պայմանների։ Մենք ունենք «անվտանգության բարձիկներ», որոնք թույլ են տալիս ծախսերը չընդհատելով՝ առաջ գնալ»,- նշում է Պետական պարտքի կառավարման վարչության պետը։

Միջազգային կառույցներն, ըստ Արշալույս Մարգարյանի, միշտ պատրաստ են Հայաստանին փող տալ, «որովհետև մենք միջազգային պարտքի շուկայում սպիտակ մաքուր դեմք ունենք, երբևէ պետական պարտքի որևէ վճար, մարում չենք ուշացրել»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել