Սահմանից՝ սահման․ Բերդավանցի կանայք գուլպաներ են գործում Արցախի սահմանին կանգնած զինվորների համար
15:29 - 22 հոկտեմբերի, 2020

Սահմանից՝ սահման․ Բերդավանցի կանայք գուլպաներ են գործում Արցախի սահմանին կանգնած զինվորների համար

Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղի կանայք պատերազմի մեկնարկից օրեր անց, մի կողմ դնելով հուզմունքն ու անհանգստությունը, սկսեցին «Սահմանից սահման՝ զինվորի համար» նախաձեռնությունը։

Կարևորելով թիկունքի ամրությունը՝ սահմանապահ գյուղի կանայք սկսեցին զինվորների համար բրդյա տաք գուլպաներ գործել։ 

Նախաձեռնության հեղինակ Գոհար Ասլիկյանը Infocom.am-ին պատմեց, որ օրեր առաջ մտքում ծագած գաղափարն արդեն իրականություն է, որին, ի զարմանս իրեն, արձագանքեցին ոչ միայն Բերդավանի, այլև հարակից համայնքների կանայք։ 

«Առաջինն, իհարկե, արձագանքեցին զինվորների մայրերն ու կանայք։ Նախաձեռնության նպատակն այն է, որ մեր զինվորականները վստահ լինեն՝ իրենց թիկունքն ամուր է, իսկ ոտքերը պետք է տաք լինեն»,- ասաց նախաձեռնության հեղինակը։ 

Լինելով զինվորականների մայրեր ու կանայք՝ գուլպաներ գործող կամավորները լավ գիտեն՝ ոչ մի գնված գուլպա երբեք ավելի տաք չի կարող լինել, դրա մասին խոստովանել են նաև հենց իրենք՝ զինվորականները։ Բացի այդ՝ գործելու ընթացքում կանայք չեն մոռանում ներդնել իրենց  օրհնանքն ու քնքշանքը։

Աշխատանքի մեկնարկը տվեցին  փորձառու կանայք, հետո նրանց միացան սովորել ցանկացող երիտասարդ կամավորները։ Համավարակից ելնելով՝ մեծ խմբերով չեն հավաքվում, կանայք գործն անում են իրենց տներում՝ կամավորները հավաքում են արդեն գործած գուլպաներն ու նոր թելեր տրամադրում։ 

Գոհարն ասում է՝ գտել են խելամիտ լուծումը․ թելերի բացակայությունը մեղմելու համար կանայք քանդում են տներում ունեցած հագուստներն ու դրանք վերածում գուլպաների։ Նախաձեռնության սկզբում մի խումբ աղջիկներ իրենց միջոցներով ապահովել են թելերի որոշ քանակություն։ Գաղափարի մասին իմանալուց հետո համայնքի որոշ բնակիչներ էլ են ուղարկել անհրաժեշտ իրեր և թելեր։

Կանայք հաշվարկել են՝ մեկ կծիկից կարողանում են մեկ զույգ գուլպա գործել, արդեն ավելի քան 70 զույգ գործել են՝ առաջին խմբաքանակը շուտով կուղարկվի առաջնագիծ։ 

Կանանց մեջ «ռեկորդակիրը» տիկին Անահիտն է, ում որդին և ամուսինը սահմանին են․ մեկ օրում մեկ զույգ գուլպա է գործում։ Մեր զրույցում ամենավարժ ձեռք ունեցող տիկին Անահիտը վստահեցրեց՝ հաղթելու ենք։

«Մեր զինվորներին ցանկանում եմ խաղաղ երկնքի տակ բարի ծառայություն, այս ամենը շուտ ավարտվի։ Մեր հայ ազգի զավակների բազուկներին ուժ, տոկունություն եմ մաղթում։ Աստված  բոլորին պահապան լինի»,- հուզմունքը թաքցնելով՝ ասաց զինվորի մայրը։ 

Նախաձեռնության անդամները նշում են, որ կանանց մոտ ոգևորությունը չի մարել, հազիվ են հասցնում թելերը փոխանցել՝ գուլպան արդեն պատրաստ է լինում։ Տարբեր գյուղերից նախաձեռնությանը միացել են ավելի քան 50 կանայք։ Այս պահին էլ շարունակվում է դրամահավաքը՝ թելեր և շյուղեր գնելու համար։ Չեն մոռացել, որ ամեն գուլպայի մեջ պետք է գրառում անեն՝ սրտի խոսքն ուղղելով հայրենիքի պաշտպաններին։ 

«Շատ են առաջարկում թելի փոխարեն խանութներից գնել և ուղարկել կտորից գուլպաներ, ուզում եմ կրկին շեշտել, որ այս դեպքում գուլպաների հետ ուղարկում ենք նաև մայրերի օրհնանք ու ջերմությունը։ Ամեն գուլպան մեծ սիրով ու քնքշանքով է ստեղծվում։ Որպես սահմանում ապրող մարդ՝ կոչ եմ անում ամուր պահել զինվորականների թիկունքը, ոչ մի դեպքում խուճապի չմատնվել։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր աշխատանքի կարևորությունը։ Վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- եզրափակեց նախաձեռնության հեղինակ Գոհար Ասլիկյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել