Ալիևն ասում է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»
10:15 - 24 հոկտեմբերի, 2020

Ալիևն ասում է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր երկրի պատրաստակամությունը անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա նման հայտարարություն է արել շաբաթ օրը «Le Figaro» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է TACC-ը:  

Ադրբեջանի ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե «իր երկիրը որ տարածքն է նախատեսում գրավել նախքան հարձակողական գործողությունների ավարտը»:

«Մենք պատրաստ ենք դադարեցնել կրակը թեկուզ հենց այսօր։ Այս մասին ես արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրան հասնելու համար պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Դրանից հետո է, որ կգա դիվանագետների գործելու ժամանակը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հիմնական սկզբունքների հետ, այն սկզբունքների, որոնց հետ մենք ինքներս ենք պայմանավորվել»։

«Դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանին։ 17 տարի ես անձամբ բանակցություններ էի վարում Հայաստանի հետ, Հայաստանի երկու նախագահների հետ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ»,- շեշտել է նա:

Նա նշել է, որ իրենք փոքրիկ առաջընթաց էինք գրանցել։

«Սակայն, երբ 2018-ին պարոն Փաշինյանը եկավ իշխանության, նա ոչնչացրեց խաղաղ գործընթացը: Բայց ես կարծում եմ, որ այժմ ժամանակն է գտնել քաղաքական լուծում: Սակայն հայերն այլևս չպետք է կարողանան դա մեզ պարտադրել, քանի որ ստատուս-քվոն և շփման հին գիծը այլևս գոյություն չունեն: Տեղում նոր իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանը պետք է հաշվի առնի դա»,- ընդգծել է Ալիևը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին՝ նա նշել է, որ «այն տեսնում է որպես Ադրբեջանի բարեկեցիկ և հուսալի մաս, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կապրեն ներդաշնակության, խաղաղության և արժանապատվության մեջ»:

«Ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնալու հնարավորություն ունենան»,- հավելել է Ալիևը:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել