Ամուր թիկունք. նվերներ փոխանցելու համար ստեղծված կայքն Արցախից եկած ընտանիքների կարիքների գրանցման համար առանձին բաժին կունենա
14:11 - 24 հոկտեմբերի, 2020

Ամուր թիկունք. նվերներ փոխանցելու համար ստեղծված կայքն Արցախից եկած ընտանիքների կարիքների գրանցման համար առանձին բաժին կունենա

Esterox ծրագրավորման ընկերության աշխատակիցների միացյալ ջանքերով ստեղծված Giver նախաձեռնությունը պատերազմական այս օրերին իր աջակցությունն է առաջարկում Արցախից ժամանած ընտանիքներին, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում տուժած այլ քաղաքացիների: 

Giver.am ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի մարդիկ միմյանց նվերներ փոխանցեն։ 

Նախաձեռնության պատասխանատու Փեփի Գալոյանը մեր զրույցում ներկայացրեց, որ ինչ-որ մեկը գրանցվում էր կայքում, նվեր տեղադրում, մյուսը` գրանցվում, ստանում էր նվերը, սակայն պայմանավորված ստեղծված պատերազմական իրավիճակով` ընկերության տնօրեն Արմեն Ադամյանի մոտ միտք առաջացավ՝ կայքն օգտագործել Արցախից եկած ընտանիքներին աջակցելու համար:

Գաղափարի իրագործման համար ընկերությունը սկսել է համագործակցել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, ապա ստեղծել հիմնադրամ, որպեսզի ե՛ւ ընկերությունը, ե՛ւ ընկերության արտասահմանյան գործընկերները կարողանան ֆինանսավորել եւ այդպիսով աջակցել արցախցիներին։

Գալոյանի խոսքով` մի քանի ընտանիքների հետ ծանոթանալուց հետո հասկացել են, որ նրանք նաեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն, բաց մնացած իրավական հարցեր, հաճախ չգիտեն՝ առողջապահական, սոցիալական աջակցություն ստանալու, նպաստների համար որտեղ դիմել: 

«Մտածեցինք, որ ընտանիքներին կարող ենք աջակցել` նրանց հարցերին պատասխանելով, ներգրավեցինք մասնագետներ, երբ արդեն մի քանի ընտանիքի էլ գիտեինք, տեղի ունեցավ հանդիպումը: Մասնագետները եւ Արցախից եկած ընտանիքները քննարկեցին հոգեբանական, իրավական, սոցիալական հարցեր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շարունակելու են աջակցել ընտանիքներին: 

Կայքում ավելանալու է նաեւ կարիքների բաժին, այն արդեն ծրագրավորման փուլում է, այստեղ Արցախից եկած ընտանիքները հնարավորություն կունենան գրանցվել եւ գրել իրենց կարիքները: Նախաձեռնության անդամներն էլ փորձելու են հոգալ այդ կարիքները՝ իրենց արտասահմանյան գործընկերների կամ այլ ցանկացողների աջակցությամբ:

Նախաձեռնության միջոցով ընտանիքներին կարող են աջակցել բոլոր ցանկացողները` տրամադրելով Արցախից ժամանած ընտանիքների կոնտակտային տվյալներ, փոխանցելով սնունդ, հագուստ, դեղորայք եւ խնամքի պարագաներ, ունենալով ֆինանսական ներդրում:

Հավաքագրված ապրանքները` սնունդը, դեղորայքը, հիգիենայի պարագաները Արցախից եկած ընտանիքներին հասցնելու համար Giver նախաձեռնությանը  անհրաժեշտ են նաեւ կամավորներ` հատկապես մարզերից։ Նախաձեռնությունը հավաքագրում է նաեւ վարորդ եւ ադմինիստրատիվ աշխատնքով զբաղվող կամավորների:

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել