Հակառակորդը փորձում է կրակի տակ պահել Արցախն ու ՀՀ-ն իրար կապող ճանապարհը՝ խաթարելու հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև
12:27 - 24 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը փորձում է կրակի տակ պահել Արցախն ու ՀՀ-ն իրար կապող ճանապարհը՝ խաթարելու հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր լուսանկարներ, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ոչ կեղծ տվյալներ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Եվ այդ  լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր, ինչպես նաև ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որ նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ ինչպես նախկինում, այժմ ավելի հստակորեն, ադրբեջանական ԶՈՒ-երը փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, որ խորացնեն հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում։

«Մասնավորապես երեկ հրետանային միջոցներով թիրախավորել են նաև Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս նրանց միտումը, որ փորձում են կրակի տակ պահել ԱՀ-ն և ՀՀ-ն իրար կապող ճանապարհը, որ հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է, որ հումանիտար մեծ նշանակություն ունի»,- ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց նաև, որ այս ժամանակահատվածում ՄԻՊ թիմը շարունակել է փաստահավաք առաքելությունը։

«Նաև առանձին զեկույցներով ենք հանդես եկել․ մեկ փակ զեկույց ներկայացրել ենք համապատասխան մարմիններին՝ անմարդկային վերաբերմունքի մասով։ Շուտով ներկայացնելու ենք երկրորդ փակ զեկույցը այս առումով։ Նաև հրապարկել ենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հանդեպ ոտնձգության վերաբերյալ առանձին բաց հրապարակային զեկույց, որն արդեն տարածել ենք համապատասխան իրավապաշտպան կառույցների շրջանում»,- նշեց Արտակ Բեգլարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել